Ֆիզմաթ դպրոցի երկու աշակերտներ ստացան Սիներջի ընկերության սերտիֆիկատներ

17-06-17 Narine Sargsyan 0 comment

Այս ուսումնական տարում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից նախաձեռնած «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակում Սիներջի ընկերության և ֆիզմաթ դպրոցի համագործակցության արդյունքում գործեց «Պատանի ջավիստ» խմբակը ֆիզմաթ դպրոցի աշակերտների համար։ Խմբակի աշխատանքները, որն անցկացվեց երկու փուլով, վարեցին Սիներջի ընկերության փորձառու մասնագետները։

Առաջին փուլում, որն անցկացվեց ֆիզմաթ դպրոցում և մասնակցեցին 10-12-րդ դասարանների թվով 17 աշակերտներ, մասնակիցներն ուսումնասիրեցին ծրագրավորման ջավա լեզուն, էլ․փոստի օգնությամբ ստացան և կատարեցին բազմաթիվ առաջադրանքներ, իսկ դասընթացները տեսանկարահանվեցին ու տեղադրվեցին Office365 ծրագրային փաթեթի OneDrive միջավայրում այն հետագայում ուսումնասիրելու նպատակով։

Երկրորդ փուլին, որն անցկացվեց Սիներջի ընկերությունում, մասնակցելու իրավունք ստացան 7 աշակերտներ, սակայն մասնակցեցին 2-ը՝ Բախշյան Հայկը և Սաղաթելյան Հակոբը։ Հարգելի պատճառներով չկարողացան մասնակցել Վարդանյան Հովհաննեսը /մասնակցում էր ԹՈՒՄՈ կենտրոնի կողմից իրականացվող հատուկ ծրագրին/, Բոզոյան Դավիթը /մասնակցում էր ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների հանրապետական փուլերին/, Աթաբեկյան Էդգարը /հաղթել և մասնակցում էր ԲԻԼԱՅՆ ընկերության ծրագրին/, Պալյան Մարինեն և Թունյան Ռոզին /նախապատրաստվում էին ավարտական և ընդունելության քննություններին/։

Երկրորդ փուլում, ի թիվս այլ դպրոցների աշակերտների, ֆիզմաթ դպրոցի աշակերտները լավագույնս դրսևորեցին իրենց ծրագրավորման ջավա լեզվի լրացուցիչ հնարավորությունների տիրապետմանը, կատարեցին բարդ ծրագրեր, գրեցին խաղերի օրինակներ։

Դասընթացին լավագույն մասնակցություն և բարձր առաջադիմություն ունենալու համար ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հակոբ Սաղաթելյանը և 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Բախշյանը Սիներջի ընկերության կողմից ստացան նվերներ և սերտիֆիկատներ։

Դավիթ Մինասյան,

ՏՏ կոորդինատոր-պատասխանատու